Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տիգրան Աֆրիկյանի հարցը

Տիգրան Աֆրիկյանի հարցը
16.09.2016 | 09:57

1909 թ. մայիսի 16-17-ին Թիֆլիսում կայացավ Կովկասի հայոց բարեգործական ընկերության (ԿՀԲԸ) տարեկան ընդհանուր ժողովը` բազմաթիվ մասնաճյուղերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Արևելահայության այդ կարևորագույն ազգապահպան կառույցը քննարկեց մի շարք հրատապ հարցեր, բայց ուշագրավ դիպված տեղի ունեցավ երկրորդ օրը: Ժողովը պետք է ընտրեր ընկերության երկու պատվավոր անդամ` Ալեքսանդր Մանթաշյանցին և Տիգրան Աֆրիկյանին:


Առաջինի քվեարկությունը թեպետ զուտ ձևական բնույթ էր կրում, այդուհանդերձ նշվեց, որ թեկնածուն 18 տարի եղել է ընկերության խորհրդի անդամ, վերջերս էլ նվիրաբերել է 20 հազար ռուբլի, որի տարեկան շահութատոկոսը` 900 ռ., պետք է հատկացվի դպրոցներին: Ա. Մանթաշյանցն անխոս ու միաձայն ընտրվեց:


Խնդիր ծագեց Տ. Աֆրիկյանի առնչությամբ: Նորբայազեդցի Աֆրիկյան բազմանդամ գերդաստանի այս շառավիղը վաճառականությամբ էր զբաղվում Թիֆլիսում, ունևոր մարդ էր և տարիներ շարունակ առատաձեռնորեն նվիրատվություններ էր կատարում: Հիմա տեղն ու ժամանակը չէ մանրամասնորեն խոսելու Տ. Աֆրիկյանի մասին, բայց մեջբերեմ 1908 թ. մարտի 1-ի նամակը ԿՀԲԸ խորհրդին. «Իմ որդի Խաչատուրի միջոցով յայտնած էի Խորհրդիդ, որ ես ցանկանում եմ յանձնել Ձեզ գումարներն` իմ նպաստով բացւած գիւղական ուսումնարանների, նոյնպէս և զանազան հիմնարկութիւնների, այս 1908 թ. սեպտեմբերից, որի մասին յայտնած էիք Ձեր համաձայնութիւնը, ուստի ուղարկում եմ ցուցակը.
Թիֆլիսի հայոց դրամատիքական ընկերութեանը` տարեկան 1000 ռ., Երևանի թեմական դպրոցին` տարեկան 1000 ռ., Երևանի Մարիամեան օրիորդաց դպրոցին` տարեկան 200 ռ., Չիբուխլի գիւղի ուսումնարանին` տարեկան 500 ռ., Ներքին Ախտայի`500 ռ., Ռնդամալի` 300 ռ., Կարբիի` 900 ռ., Բազարջուի` 500 ռ., Նորաշէնի (Շօրագալ)` 300 ռ., ՈՒլիա-Նորաշէնի (Շարուր Դալարագեազ)` 300 ռ., Ներքին Գեօզալդարայի` 300 ռ., Օրդակլուի` 500 ռ., Ցամաքաբերդի` 300 ռ., ընդամենը` 6900 ռ.»:


Տ. Աֆրիկյանի թեկնածությունը քննարկելիս գլուխ բարձրացրեց հայոց հատկանիշներից մեկը` կոլեկտիվ նախանձը, եղան թեր և դեմ կարծիքներ, վիճաբանություն, անախորժ ելույթներ: Ի վերջո, գաղտնի քվեարկությամբ` 43 թեր և 10 դեմ ձայներով, Աֆրիկյանն ընտրվեց:
Բայց հարցը չփակվեց: ԿՀԲԸ խորհրդի նախագահ Սամսոն Հարությունյանը` քվեարկության այդպիսի արդյունքից դժգոհ ու վիրավորված, հայտարարեց, որ պաշտոնաթող է լինում: Ժողովականները, հատկապես դեմ քվեարկածները, շրջապատեցին նրան և միաբերան խնդրեցին մնալ: Որովհետև, ըստ ԿՀԲԸ կանոնադրության, նախագահի հրաժարականի պարագայում պաշտոնաթող պիտի լիներ ամբողջ խորհուրդը…

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ